Օգոստոսի 30-ի գիշերը Ռուսաստանի Պսկովի, Բրյանսկի, Օրյոլի, Կալուգայի, Ռյազանի և Մոսկվայի շրջանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հզոր հարված է հասցվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ենթակայության Պսկովի համատեղ օդանավակայանին, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 400 կմ հեռավորության վրա։ Պայթյունները սկսվել են մոտ 23։40-ին և տևել մոտ երկու ժամ։
Պսկովի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարվածից և Բրյանսկում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո Ռուսաստանի իշխանությունները որոշ ժամանակով փակել են Տուլայի և Մոսկվայի շրջանի մի մասի օդային տարածքը։ Գիշերվա ընթացքում այնտեղ երկու անգամ գործարկվել է «Կարպետ» ռեժիմը, որը հայտարարվում է, եթե երկնքում անցանկալի թռչող օբյեկտներ են նկատվում կամ նման օբյեկտների վտանգ կա։ Նաև որոշ ժամանակով փակվել են Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները։